Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հունվարի 14-ին, կառավարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Շատ կարճ ժամանակ անց էլ հայտնեցիմ, որ Թուրքիայի միջոցով Սիրիային է Հայաստանը հանձնել 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ կռված, գերի վերցված և ցմահ դատապարտված երկու ահաբեկչի։ Հայաստանը հայ գերիների վերադարձի անունը դրեց՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունք»։ Ինչ է ստացվում․ գաս իշխանության, Արցախը հանձնես թշնամուն, մեջի բնակիչներին նույն թշնամին վերցնի գերի, տարիներ հետո մի քանիսին բաց թողնի ու անունը դնեք խաղաղության գործընթա՞ց։ Ո՞ւմ են սրանք ապուշի տեղ դնում: Էդ մարդիկ իրենց տներում հանգիստ ապրում էին։ Էդ ինչո՞ւ գերի ընկան։ Բաքվից վերադարձող գերիները, նրանց ընտանիքի անդամները, մենք բոլորս էդ հարցը պետք է տանք՝ էդ մարդիկ ինչի՞ գերի ընկան։ Տեսնես գոնե անձամբ կգնա՞ նրանցից ու նրանց ընտանիքներից ներողություն խնդրի, թե՞ հպարտ դեմքով հայտարարելու է՝ տեսեք-տեսեք ինչ հերոսություն արեցի։ Ի՞նչն էր հերոսություն։
Արցախը հայաթափելուց երկու տարի և մի քանի ամիս անց այդ իրադարձության գլխավոր մեղավորը հայտարարում է՝ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է։ Դա բոլորովին ուրիշ հարց չէ, դա ամենակարևոր հարցն է, որի սկիզբն էլ անձամբ նշում է, թե որ իրադարձությունն է՝ 2022թ․ Պրահայի պայմանավորվածությունները, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո տեղի ունեցավ 8-ամսյա շրջափակում, ապա՝ պատերազմ, 400-ից ավելի զոհ ու ասում է՝ կարող էր և տեղի չունենալ։ Պատերազմից հետո էլ, որի ժամանակ տվեց 5 հազար զոհ, հայտարարեց՝ այս ամենը կարող էր տեղի ունենալ առանց զոհերի։ Այսօր բաց թողնված գերիներին էլ կարող է ասել՝ դե կարող էիք գերի չընկնել, բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Այս պահին Բաքվի բանտերում են հայեր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություը, որոնք ոչ միայն կարող էին գերի չընկնել, այլ կարող էին այս պահին պաշտոնավարել Արցախի հանրապետությունում։
Այսօր Հայաստանում ու Վաշինգտոնում միջոցառումներ էին այս ողբերգական գործընթացներից հետո ստեղծված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կամ Թրամփի ուղղու մասին, նայած ով ոնց է ձևակերպում։
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հաստատել են Թրամփի ուղղու վերաբերյալ հայտարարություն։ Կետերով հրապարակված է այդ հայտարարությունը, դեռ շատ կխոսվի դրա մասին․ ես ընդամենը մեկ-երկու՝ այս պահին երևացող խնդրի մասին նշեմ։ Նախ ասում են՝ բաժնետոմսերի 74 տոկոսը ամերիկացիներին է, 26-ը մերը, որովհետև նրանք կառուցում են, Հայաստանը միայն տարածքն է տալիս, ու տալիս է 49 տարով, մի 50 տարի էլ երկարաձգելու իրավունքով, ու ասում է՝ լավ գործարք է։ Բայց ինչո՞վ է լավ։ Տալիս են անխոչընդոտ ճանապարհ Ադրբեջանին, ու անխոչընդոտը հենց նշանակում է, որ Հայաստանը չի վերահսկելուգուցե այդ ճանապարհին ազատ հասանելություն էլ չունի․ ինչպես որ երեկ պաշտպանության նախարարն էր ասում՝ մենք հասանելություն չունենք Սև լճին, այնպես էլ այդ Թրիփի մասին ասելու է մի պատասխանատու նախարար։ Շուռնուխի բնակիչն ասում է՝ ինձ հայ սահմանապահը մեր տարածքում կանգնացնում է, թույլ չի տալիս անցնեմ, մինչև ադրբեջանցին անցնի։ Նույն սահմանապահը վաղը կարող է այդ բնակչին չթողնի իր տուն մտնի։ Նույն օրինակով նայեք ԹՐԻՓՓ կոչվածը։
Ու բոլորովին կապ չունի, որ էդ փաստաթղթի մեջ 15 տեղ գրել են ինքնիշխանություն բառը, 9 տեղ՝ իրավազորություն բառը, դա պարզապես քարոզչական բան է․ բայց այդ իրավազորությունը, ինքնիշխանությունը ինչպե՞ս է Հայաստանն իրացնելու, տարածքային ամբողջականությունը, եթե դա անխոչընդոտ ճանապարհ է:
Այդ ծրագրից օգտվելուն են Թուրքիան, Ադրբեջանը, միանալու են նրանք ուղիղ, Ադրբեջանը անխոչըդոտ անցկացնելու է ինչ ուզի, վերահսկողության մասը շատ անհասկանալի է։ Օգտվելու է ԱՄՆ-ն, որը բիզնես պրոյեկտ է ունենալու Հայաստանում, շահույթ ստանա և ամենակարևորը իր համար՝ իր թշնամի Իրանի քթի տակ լինի։
Այս դրույթների մանրամասն ուսումնասիրություններն դեռ կլինեն, հիմա չանդրադառնանք, բայց այստեղ խիստ կարևոր է նաև ժամանակը․ ինչո՞ւ Հայաստանի և ԱՄՆ արտգործնախարարները այս գործարքն արեցին հենց երեկ․ ինչու չարեցին մեկ ամիս առաջ կամ հետո։ Այս պահին մեր հարևան և բարեկամ երկրում՝ Իրանում շատ խառը իրավիճակ է՝ նույն ԱՄՆ-ի ձեռքով։ Գիտեք ինչպես են վերաբերում Իրանում Հայաստանում ԱՄՆ նման ներկայությանը։ Բազմիցս հայտարարել են, որ իրենք դեմ են այս տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը։ Ասում են, որ իրենք մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ն երկիր է, որը գործողություններ է ձեռնարկում Իրանի դեմ, ու հիմա Հայաստանում հայտարարում է Իրանի սահմանին ներկայության մասին։ Ու հենց հիմա, երբ Իրանում ցույցեր է կազմակերպում ԱՄՆ-ն, Թրամփը կոչ է անում գրավել պետական հաստատությունները, ջախջախել իշխանությանը, Թրամփը սպառնում է հարձակվել Իրանի վրա, այս պահին Հայաստանը Իրանի թշնամու հետ գնում կնքում է նման պայմանագրեր՝ ԱՄՆ-ին բերելու Իրանի քթի տակ։
Համարում եք, թե լա՞վ նախագիծ է, համարեք, ձեր գործն է, բայց կարող էիք մի ամիս, կես ամիս հետաձգել, մինչև Իրանում այս լարված իրավիճակը հանգուցալուծում ստանար։ Չորս հարևան ունեք, որից երկուսի հետ փակ սահմաններ են, Վրաստանի հետ վերջին մեկ տարում շատ հաճախ եք ունեցել բեռնափոխադրման խնդիր․ որ ամբողջությամբ կապը հասանելի է՝ Իրանն է, ու ո՞նց եք վարվում։
ԱՄՆ-ն ասել է, ըստ երևույթին, ես Իրանում գործողություններ եմ սկսում, մի բան էլ դուք արեք, որ ցույց տանք, որ Իրանի հարևաններին ոնց ուզենանք՝ կօգտագործենք։ Ու Հայաստանի իշխանության այս՝ ոչ բարեկամ քայլը շատ լավ հասկացել են Իրանում։ Իրանի դեսպանն արձագանքել է այնքան կոշտ, ինչպիսի գնահատական վերջին երկար տարիների ես չեմ հիշում։
Դեսպանն ասել է՝ Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն։ Հայաստանում դեսպանատների շենքերը պետական պահպանության տակ գտնվող տարածք են։ Ու Իրանի իշխանությունն ասում է, Հայաստանի իշխանությունը կանաչ լույս է վառում, որ ամեն օր մի խումբ իրանցիներ հավաքվեն Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Ասում է՝ մենք Հայաստանի իշխանությանը տեղեկկացնում ենք, բողոքում ենք, բայց այդ գործընթացը շարունակվում է։
Սա ասում է Իրանի կառավարությունը, ասում է՝ մենք ամենածանր պահերին Հայաստանի կառավարության կողքին կանգնած ենք եղել․ իրականում, թե՛ զենքով, թե՛ ամեն կերպ պատրաստ են եղել կանգնելու Հայաստանի կողքին, անգամ՝ իր հատվածում սահմանը պահել են առաջարկել, ինչպես որ տարբեր հրապարակումներ եղան, բայց ասում են՝ Հայաստանի իշխանությունը հիմա մեր դեմ բաներ է անում, որ երբեք չենք կարող մոռանալ։
Նիկոլն ասում է՝ Հայաստանի շուրջ իրավիճակը հունվարի 14-ի առավոտյան 8-ի դրությամբ, երբեք ավելի կայուն չի եղել։ Բայց ժամը 11-ին Իրանը շատ կոշտ զգուշացում արեց, ասում է՝ Հայաստանը մեր նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անում և նկատի կունենանք։ Իրանի իշխանությունը նշում է, որ ԱՄՆ-ն Իրանում բողոքի ակցիաներ է կազմակերպում և ցանկանում է տապալել իշխանությունը և վստահ եմ, որ Իրանը մտածում է, որ ԱՄՆ-ն Հայաստանում էլ կարողացել է իրանցիների գտնել և բողոքի ցույց կազմակերպել, դիմում է Իրանի իշխանությունը Փաշինյանի կառավարությանը, բայց սրանք մատը մատին չեն տալիս։
ԱՄՆ-ն, որը, գուցե իսկապես Հայաստանում մոբիլիզացրել է իրանցիների և մղում է բողոքի ակցիաների, ԱՄՆ-ն որը Իրանում բախումներ հրահրում, այս փուլում Հայաստանի հետ էլ հայտարարություն է ստորագրում, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու է։ Վաշինգտոն հասնելու համար Արարատ Միրզոյանը 24 ժամից ավելի թռիչք է ունեցել, իսկ Իրան գնալու համար պետք է ընդամենը 1 ժամ ինքնաթիռով, մի քանի ժամ՝ ավտոմեքենայով գնալու համար, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ԱՄՆ-ում նույն այս վարչակազմն էր իշխանության, բայց Հայաստանին օգնություն առաջարկում էր Իրանը։
Իրանի իշխանությունն ասում է՝ եթե բողոքի այս ակցիաները հաջողություն ունենան, և արդյունքում երկիրը մասնատվի, Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Իրանում հաջողություն ունենալու դեպքում դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց դաշնակիցների հաջողությունը և մտածեք, թե այդ դեպքում ինչ է սպառնալու Հայաստանին։ Թուրքիայն ինքն էր հայտարարում, որ Հայաստանում իրենց համար միջանցք բացելու նպատակների միակ խոչընդոտը Իրանն է։
Կարճ ասած՝ առավոտից իրիկուն ինքնիշխանությունից, դիվանագիտական նվաճումներից խոսող Հայաստանի ՔՊ-ական իշխանությանը օգտագործում են ինչպես ուզում են, ով ուզում է, փող են տալիս, կուտը տալիս են ու անում նրանց հետ ինչ ուզում են։ Նրանք հեչ, վաղը գնալու են, բայց սրանց քանդած հարաբերությունները կամ սրանց ստեղծած անարժանապատիվ հարաբերությունները մեր երկրին ու ժողովրդին հետապնդելու են շատ երկար։ Կարծես պատվեր ստացած լինեն էնպես քանդելու, որ իրենցից հետո էլ այլևս սարքել հնարավոր չլինի»։

