Ադրբեջանում բացվել է «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն»
Բաքվում տեղի է ունեցել «Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն» շենքի բացման արարողությունը՝ Ալիևի կարգադրության համաձայն իրականացված հիմնանորոգումից և վերակառուցումից հետո: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
AZERTAC-ի փոխանցմամբ, թատրոնի աշխատակազմը, մշակութային գործիչները, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները և Միլլի Մեջլիսի (խորհրդարան) անդամները ներկա էին բացմանը:
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, որ ««Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնն» իրենց համար պարզապես արվեստի հերթական օջախ չէ. ստեղծվել է 1882 թվականին, այն կենդանի հիշողություն է պատմական փորձությունների մասին, որոնք բաժին են ընկել «Արևմտյան Ադրբեջանի» մեր հայրենակիցներին»:

