«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ
Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հայտնաբերվել է փոսի մեջ տերևներով թաքցված կենդանու վզկապ (ռադիոնավիգացիոն ընդունիչով)` կտրված և կիսահալված վիճակում։ Այս մասւին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ վզկապն ամրացված է եղել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուի պարանոցին, սակայն տարածքում կենդանին չի հայտնաբերվել։
Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի՝ ազնվացեղ եղջերուի որսի կամ ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ։

