Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը
Սանկտ Պետերբուրգում երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը քննադատական ելույթներ են ունեցել, որից հետո ի նշան բողոքի լքել դահլիճը։
Հայկական Ազգային-մշակութային ինքնավարությունը (АНКА) մանրամասներ է հայտնել հանդիպումից։ Մասնավորապես, ըստ ՀԿ–ի, իրենց խնդրել են դեկտեմբերի 19-ին՝ 11:00-ին, արագորեն մի քանի անձանց ցուցակ ներկայացնել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար։
«Քանի որ երիտասարդական կազմակերպություններն իրենց մասնակիցներին ներկայացրել էին առանձին ցուցակով, АНКА-ն ներկայացնում էր ավագ սերնդին։ Հանդիպման կազմակերպչին ներկայացված ցուցակում ընդգրկված էր 16 մարդ, մասնավորապես՝ հետևյալ ոլորտներից. մշակույթ, կրթություն, ձեռներեցություն, մարզերի համայնքներ և այլն։ Ժամանակի խիստ սղության պայմաններում յուրաքանչյուր անձի հետ անհատական պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Դեկտեմբերի 22-ի հանդիպումը նախատեսված էր աշխատանքային օրը՝ 14:00-ին։ Այնուհետև այն փոխվել է մինչև 16:00, ապա՝ 16:30, ապա՝ 18:00։ Արդյունքում, մի քանի մարդ նախատեսված ժամի՝ 14:00-ի փոխարեն չկարողացավ ներկայանալ 18:00-ին։ Հանդիպմանը АНКА-ն ներկայացնում էր ինը մարդ։
Դահլիճում, որտեղ անցկացվում էր հանդիպումը, կար մոտ 60 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 20 երիտասարդական կազմակերպություններից, ոմանք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և հյուպատոսությունից, ոմանք էլ՝ Մոսկվայից»,– հայտնել են հասարակական կազմակերպությունից։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը սկսվել է ժամը 18.00–ին, մինչդեռ կեսօրից Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հավաքվել էին մոտ 100 ծխական և համայնքի անդամներ, որոնք հույս ունեին հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ եւ իրենց մտահոգությունը հայտնել եկեղեցու դեմ տարվող արշավի վերաբերյալ։ Սակայն, Փաշինյանն այդպես էլ հայկական եկեղեցի չի այցելել։
Ըստ ՀԿ–ի, հայ համայնքի հետ փակ հանդիպումը հարթ չի անցել, հնչել են քննադատական ելույթներ։ Սկզբում ելույթ են ունեցել Վահե Ավետյանը և Վահան Բաբախանյանը։ Այնուհետև նրանք, ի նշան բողոքի, մի քանի գործընկերոջ հետ լքել են նիստերի դահլիճը։ Ավելի ուշ ելույթ է ունեցել Կարեն Մկրտչյանը։
Ստորև կազմակերպությունը տրամադրել է վերոնշյալ քաղաքացիների ելույթների տեքստերը։
Վահե Ավետյանի ելույթը (հայերեն թարգմանությունը՝ NEWS.am-ի)
«Մեզ հրավիրել էին մասնակցելու այս հանդիպմանը, որպեսզի հարց տանք մեզ հուզող խնդիրների և այն մասին, թե ինչ է մեզ սպասվում։ Ո՞րն է այս հանդիպման նպատակը։ Դուք եկել եք «Նիժնի Տապռ», այդքան անհարգալից ձևով մեզ կանչել եք, որ ի՞նչ առաջարկեք։ Որպեսզի մենք գանք, ներդրումներ անենք, որ եթե կանխիկ վճարենք, դուք հրամայեք ինչ-որ ձևով փակե՞լ այդ խանութը։ Հիմա դրա համար ձեզ նույնպես պետք է բանտարկել։ Այսինքն, Սամվել Կարապետյանի աշխատաոճը հանցավոր է, բայց ձեր ոճը, որը լրիվ «բեսպրեդել» է, օրինակա՞ն է։ Եպիսկոպոսները համարվում են վտանգավոր պետության շահերի համար, բայց բիզնեսները փակելու և բռնագրավելու ձեր անօրինական հրամանները լա՞վ են։ Եվ փողոցում հավաքված մարդիկ ուզում են նույն հարցը տալ։ Եվ բոլորը հասկանում են, որ այս քայլերը հիմնված են «բաժանիր և տիրիր» պարզ բանաձևի վրա։ Դուք նույնիսկ չեք մասնակցել կիրակնօրյա պատարագին։ Ինչո՞ւ։ Մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու մեր «Նիժնի Տապրի» պատարագին։ Հետևաբար, ես ներողություն եմ խնդրում մասնակիցներից, բայց մենք (փողոցում հավաքված հայրենակիցների տպավորիչ զանգվածը) չենք մասնակցի նման մանիպուլյացիաների և կպայքարենք պառակտման դեմ մեր ձևով։ Դուք կարող եք ինձ և փողոցում հավաքված բոլոր մարդկանց կալանավորել ձեր ձևով՝ այս «մեր ձևով»-ի համար։
Վահան Բաբախանյանի ելույթը
Ես կարող էի հավատալ ձեզ, պարոն Փաշինյան, բայց թույլ տվեք բերել երկու օրինակ։ Առաջինը. երբ դուք իշխանության եկաք 2018 թվականին, ես ձեզ նամակ գրեցի Երևանից համահայկական հարցերով, նախ հունիսի 13-ին, ապա կրկին մեկ ամսվա ընթացքում։ Բայց ես տեսա անտարբերություն։ Երկրորդ օրինակը ձեր հաճախակի կրկնվող թեզն է Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Այն որևէ կապ չունի Արցախի հետ։ Արցախը հանրաքվե անցկացրեց և անջատվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ ըստ Սահմանադրության, նախքան Ալմա-Աթայի այդ հանդիպումը՝ իր կարճ հռչակագրով։ Այնտեղ հստակորեն չէր խոսվում սահմանների մասին։ Եթե անգամ նկատի էին առնված սահմանները Ալմա-Աթայի հանդիպման պահին, ապա հանդիպման ժամանակի սահմաններն էին, և Արցախն այդ ժամանակ այլևս Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս չէր կազմում։ Սա ձեր կողմից այդ հռչակագրի ուղղակի մանիպուլյացիա է, քանի որ հայերի 95%-ը չի կարդացել այն և հավատում է ձեզ, բայց դա ճիշտ չէ։ Շատ պատմաբաններ, քաղաքագետներ և գիտնականներ արդեն տասնյակ անգամ խոսել և գրել են այս մասին։ Բայց դուք շարունակում եք խաբել ժողովրդին։
Ինչ վերաբերում է համայնքի կարծիքին, այստեղ մոտ 50 մարդ կա, և ես հարգում եմ բոլորի կարծիքը։ Բայց այսօր, այլ վայրում, եկեղեցում, հավաքվել էին համայնքի կրկնակի շատ անդամներ, և նրանք կարճ հայտարարություն տարածեցին։ Ես այն փոխանցում եմ ձեզ՝ այլ հայտարարությունների հետ միասին՝ որպես տեղեկություն։
Դրանից հետո Վահե Ավետյանը, Վահան Բաբախանյանը և մի քանի գործընկեր լքեցին նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։
Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը հանդիպմանը մասնակցած վերջին ելույթ ունեցողն էր: Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Կարեն Մկրտչյանը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին։
Կարեն Մկրտչյանի ելույթը
Որպես Սանկտ Պետերբուրգի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ, նրանք, ովքեր իրենց քննադատությունը հայտնեցին և լքեցին դահլիճը, ես պատասխանատվություն եմ կրում իմ եղբայրների ի Քրիստոս անքաղաքավարի վարքագծի համար, բայց դա է իրականությունը։ Այսպիսով, Հայաստանից եկող տարաձայնությունը տեղափոխվում է մեր համայնք։
Ես կարող էի խոսել քաղաքականության և տնտեսության մասին, բայց չեմ անի։ Ես ուզում եմ մարդկային, բարոյական, քրիստոնեական վկայություն տալ։ Ես ուզում եմ խոսել այն ամենի մասին, ինչ տեսել եմ իմ սեփական աչքերով, լսել եմ իմ սեփական ականջներով, շոշափել եմ իմ սեփական ձեռքերով։
Մենք մի քաղաքում ենք, որի հայկական համայնքը վերածնվել է Հայր Եզրասի շնորհիվ։ Եվ այդ ժամանակվանից ի վեր ես ականատես եմ եղել նրա նվիրված աշխատանքին՝ հանուն հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու և հայ համայնքի բարօրության։ Ես համոզված եմ, որ վերջին 30-40 տարվա ընթացքում Ռուսաստանում չի եղել և չկա որևէ հայ, որը մեր ժողովրդի համար ավելին է արել, քան Եզրաս եպիսկոպոսը։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ նա այժմ «ազգի թշնամի» («ժողովրդի թշնամի՞») է։ Չեմ հավատում:
1990 թվականին ինձ մկրտեց վարդապետ Միքայելը, այժմ՝ եպիսկոպոս Միքայելը։ Եվ նա արդեն 35 տարի է՝ ինձ հարազատ մարդ է։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ նա նույնպես «ժողովրդի թշնամի» է։ Չեմ հավատում։
Ես Բագրատ եպիսկոպոսի հետ ընկերություն եմ անում ավելի քան 25 տարի. նա իմ եղբայրն է Քրիստոսով։ Ի դեպ, պարոն վարչապետ, 2018 թվականին նա ողջունեց ձեր իշխանության գալը և, ավելին, իմ տանը նստած, ինձ բարեկամաբար ասաց. «Լավ, իմ ռուսամետ եղբայր, մեզ հանգիստ թող և թույլ տուր, որ ապրենք մեր կյանքով»։ Ի դեպ, ես երբեք չեմ թաքցրել իմ ռուսամետ կողմնորոշումն ու ամաչել դրա համար, և հիմա բացահայտորեն ասում եմ դրա մասին։ Այսպիսով, ինչպե՞ս կարող եմ հավատալ, որ նա նույնպես դարձել է «ժողովրդի թշնամի»։ Չեմ հավատում։
Իմ հարցն այսպիսին է. չե՞ք վախենում, որ Հայաստանը դառնում է մի երկիր, որը «խժռում է իր որդիներին»։
Նիկոլ Փաշինյանը դրանից հետո, մասնավորապես, ասաց, որ այսօր հսկայական մտորելու նյութ է ստացել և կմտորի հնչեցված քննադատության շուրջ»,- ասվում է կազմակերպության հրապարակման մեջ։

