Կարեն Կարապետյան. «Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարմանը» (Տեսանյութ)
«Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարման գործընթացում». Վարչապետը հանդիպել է YES Armenia ծրագրի մասնակիցներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում:
Ողջունելով երիտասարդներին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը հետաքրքիր փորձ է: «Աշխարհն այսօր ունի լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են պետական կառավարիչների և ընդհանրապես կառավարման համակարգերի առջև: Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ ակնկալում եմ որոշակի թարմացում: Նախ և առաջ կառավարման համակարգն ազատ, խիզախ, համարձակ մտածող, էներգիայով լի և կարծրատիպերից դուրս մտածող մարդկանց կարիք ունի», – ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագրի ավարտից հետո շատերը կցանկանան շարունակել գործունեությունը պետական համակարգում: «Դուք ֆանտաստիկ հնարավորություն ունեք՝ կառավարելու մեծ համակարգեր: Կարծում եմ՝ մասշտաբային գործ կառավարելը, դրան մասնակցելը մեծ ամբիցիա է: Եթե դրան էլ գումարենք այն, որ դուք մասնակցում եք ձեր երկրի կառավարմանը, ապա դա հիանալի մոտիվացիա է, ավելի մեծ մոտիվացիա հնարավոր չէ պատկերացնել»,- շեշտել է վարչապետը: