ԱՄՆ-ի պետքարտուղարը Աֆրինի հարցով մեկնում է Թուրքիա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Աֆրինի հարցը։
Քրդական «ANF» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ամերիկացի մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, նշել է, որ Թիլլերսոնը ճնշում է գործադրելու Թուրքիայի կառավարության վրա, որպեսզի դադարեցվի թուրքական բանակի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունները։
Նա նշել է, որ այս պայմաններում թուրքերի հետ բանակցություններ վարելը չափազանց բարդ է, քանի երկկողմ հարաբերությունները կտրուկ վատացած են։ Դա պայմանավորված է Սիրիայի քրդական ուժերի հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմամբ։
Այնուամենայնիվ ամերիկացի պաշտոնյան շեշտում է, որ չնայած հակասություններին, Թուրքիան և ԱՄՆ ունեն ընդհանուր շահեր տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն էր հաղորդել, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:
Աղբյուր` Ermenihaber.am