Սա մեր բողոքի գործողության առաջին քայլն է․ Վահան Հովհաննիսյանը՝ փաստաբանների բոյկոտի մասին
Բագրատ Սրբազանի ու մյուս քաղբանտարկյալների գործով դատական նիստի մեկնարկին քարտուղարությունը զեկուցեց, որ պաշտպանների մեծ մասը դատական նիստին չի ներկայացրել։
Մեղադրող կողմը դա անընդունելի համարեց՝ միևնույն ժամանակ նշելով, որ «քանի որ քննարկվում է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու հարցը, ուստի պաշտպանների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ»։
Ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ ասելով, որ առանց փաստաբանների ներկայության, կալանքի հարցը չի կարող քննարկվել։ Վարույթի մասնակիցները միացան այդ կարծիքին։
«10-15 րոպե ընդմիջում կհայտարարենք․ չի բացառվում խցանման պատճառով է»,- ասաց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Իր հերթին փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա իրենց բողոքի գործողության առաջին քայլն է։
«Բոլոր փաստաբանները, ամբողջ պաշտպանական թիմն այստեղ է, բայց միակամ որոշել ենք առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին՝ սրանով արտահատելով մեր բողոքը ընդդեմ դատական իշխանության ու դատավորի։ Միակարծիք ենք, որ այսօր դատական նիստերի դահլիճում չի իրականացվելու արդարադատություն․ երեկվանը տեսանք»,- ասաց նա։

