Ջրաբերի ավազի հանքում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Երեկ` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Ջրաբերի ավազահանքերի տարածքում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ավազահանքի տարածքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Նորայր Ն-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը բեռնատարի թափքը ծածկելու ժամանակ անզգուշաբար դիպել է հոսանքի լարերին, ինչի հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է։

