Թիվ 31 ԸԸՀ-ն Գյումրու ավագանու անդամի արձանագրության հարցով նիստ կգումարի այսօր ժամը 18։00-ին. ԿԸՀ խոսնակ
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու հարցով արձանագրություն կազմելու օրակարգով նիստ է հրավիրել այսօր ժամը 18։00-ին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
ԿԸՀ-ում քննարկվե՞լ է հարցը, թե ինչու է թիվ 31 ԸԸՀ-ն ձգձգել ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն կազմելու որոշում ընդունելը։ Հարցին ի պատասխան Ս. Ղուկասյանն ասաց.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացել են մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն։ Մինչ նիստը կանեն, ստացել են արձանագրություն, որ մանդատից հրաժարվելու դիմումը ավագանու անդամը հետ է վերցրել։ ԸԸՀ-ից դիմել են քաղաքապետարան, որ հստակեցնեն, թե որն են հիմք ընդունում, քաղաքապետարանը դեռ իրենց չէր պատասխանել պաշտոնական գրությամբ։ Հիմա արդեն, կարծեմ, կա գրություն»,-ասաց ԿԸՀ խոսնակը։
Նշենք, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Լիզա Գասպարյանը քիչ առաջ Panorama.am-ի ուղիղ եթերում թիվ 31 ԸԸՀ մուտք արեց գրությունը։ Հանձնաժողովում այդպես էլ հստակ պատասխան չտվեցին, թե երբ ԸԸՀ-ն նիստ կգումարի արձանագրություն կազմելու ու մանդատը «Մեր քաղաքը» խմբակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին տրամադրելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել է արձանագրություն, ներկայացվել է այն թիվ 31 ԸԸՀ։ Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել է։ Նա երկու օր անց նոր դիմում է գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանու «անկախ» անդամ։
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքում համոզված են, որ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն են ունեցել ՔՊ-ից։
«Ոչ ՏԻՄ մասին, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ, հատկապես երբ արձանագրվել է ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը։ ԸԸՀ-ն պետք է ֆիքսեր լիազորությունների դադարեցումը։ Հիմա այս քաղաքական աղմուկի մեջ ԸԸՀ-ն յոթ օր ուներ, որ Գյումրի համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝ կազմեր իր արձանագրությունը։ Սակայն ժամկետները լրացել են անգամ աշխատանքային օրերի հաշվարկով երեկ էր վերջին օրը։ Այսինքն, ԸԸՀ-ն հասարակ գործառույթը չի կատարել։ Պատկերն ամողջացնելու համար ևս մեկ էլեմենտ։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Հրայրի Բադալյանից մայիսի 2-ին մուտք է եղել հայց, որով խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որը ֆիքսել է իր հրաժարականը»,-ավելի վաղ Գյումրի մեկնած Panorama.am-ի լրագրողին ասել էր փաստաբան, «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։

