Կանգ առեք՝ հասուն ծառերը հատելով, ոչնչացրեցիք քաղաքի օդափոխության միջանցքները
Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը հերթական անգամ բացատրում է. «Աշխարհը բաց է, և տարբեր երկրների փորձագետներ տեսնում են այն, ինչ կատարվում է Երևանում։ Կադացեք ստացածս նամակները, որոնք ստիպում են մտածել, ի՞նչ պատահեց համաշխարհային մեծության բուսաբան Արմեն Թախտաջյանի ազգի հետ, որ սեփական քաղաքի ծառերը ոչնչացրեց։
Բաքվում պատվիրել են քաղաքի կանաչ ֆոնդի գույքագրում, գիտական գնահատական և հաշվետվություն՝ առաջարկություններով, իսկ Երևանում՝ առանց ավարտական գույքագրման և գնահատականի, գիտական ու գործիքային փորձագիտական եզրակացության, մի ժողովի որոշմամբ, կոտրեցին Երևանի բնաէկոլոգիական կմախքը։
Դուք փողոցների հասուն ծառերը հատելով, ոչնչացրեցիք քաղաքի օդափոխության միջանցքները, այն էլ փոսի մեջ գտնվող կենտրոնում, սա ուղղելը լրիվ այլ մակարդակի պրոֆեսիոնալիզմ է պահանջում և տասնյակ տարիներ… Արդեն չգիտեմ, ինչպես բացատրեմ, որ կտրում եք ճյուղը, որի վրա մեկ միլիոն երևանցի է նստած, բոլորն են շնչահեղձ լինելու և արևի ճառագայթների տակ այրվելու… Կանգ առեք…»։