Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ
Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը անընդհատ կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց կարողությունները։ Մենք ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի։ Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքները կյանքի կոչվեն, անմիջապես կստանան համարժեք կոշտ պատասխան»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Բաղային զգուշացում է արել նաև հարևան երկրներին։
«Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում, որ երրորդ ուժերի կողմից իրենց տարածքից սադրանքներ և հրկիզումներ իրականացնելու ցանկացած փորձ կունենա իր հետևանքները։ Կրակի բնույթն այնպիսին է, որ այն արագ տարածվում է»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։