Իրենց մոտ ցայտնոտ է, ցուգցվանգի մեջ են, ինչ անում են՝ իրենց դեմ է աշխատելու. Գյումրու քաղաքապետի թեկնածուն՝ իշխանություններին
Վաղ առավոտից իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի շտաբն ու համակիրների տները։
«Հասկանում եմ, որ իրենց մոտ ցայտնոտ է, ցուգցվանգի մեջ են, ինչ անում են՝ իրենց դեմ է աշխատելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի կողմից այս քայլը գնահատում են որպես քաղաքական խոչընդոտ առաջացնելու փորձ.
«Դատապարտում ենք այս խայտառակ գործողությունները։ Անչափահաս երեխաների մորը տարել են Երևան, քննչական գործողություններ են իրականացվում մեր գրասենյակում, մենք սա համարում ենք կոնկրետ քաղաքական հետապնդում»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Աղբյուր՝ Aysor.am