Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք անում.Խամոյանը՝ Վարդապետյանին
«Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատը վայր դնելու մասով և դուք եկել եք նրա ետևից ազգային ժողով»,-Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորը Վարդապետյանին խնդրեց գնահատել փաստը, որ քրեական գործով Հովիկ Աղազարյանից բռնագրավված հեռախոսի վերծանումները հայտնվել են ՔՊ վարչության անդամների սեղանին։
Խամոյանը նաև հիշեցրեց, որ դեկտեմբերի 4-ին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին հարցրել է հեռախոսի պարունակության մասին, և ստացել պատասխան, որ այնտեղ եղել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։
«Բայց հիմա Հովիկ Աղազարյանի հետևից ԱԺ եք եկել ոչխարների գործով։ Փաշինյանի ասածը փաստորեն ձեր համար հիմք չի՞ հանդիսացել հանցագործության մասին հաղորդման համար, թե մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով և բազմաթիվ այլ դրվագներով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է ու զրպարտել»,-հարցրեց Խամոյանը։
Աննա Վարդապետյանը արձագանքեց՝ նշելով, որ պատասխանում է միայն միջնորդությանը վերաբերող հարցերին և քաղաքականն հայտարարություններ չի անում։
«Տիկին դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք անում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլն, նման կարմիր գծեր հատած պատգամավորներին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար»,-արձագանքեց Խամոյանը։
Աղբյուրը` Panorama.am