Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգի Խոջեդք քաղաքում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է YJC գործակալությունը։ «Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քերման նահանգի Խոջեդքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Ա.Ծ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Նշենք, որ խոսքը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին է։ Աշակերտների հանդեպ ենթադրյալ անառակաբարո գործողություններ կատարած անձը ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է։