Արայիկ Խանդոյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, պաշտպանին թույլ չեն տվել մտնել ՔԿՀ
ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թույլ չեն տվել տեսակցել Խանդոյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Այսօր այցելել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն ինձ ասել են, որ այցելության իրավունք ունեցող անձանց ցանկից իմ անունը ջնջված է, ես ինքս դա տեսա»,- ասաց Պապիկյանը, նշելով, որ Խանդոյանին այցելում էր իրավաբանական խորհրդատվություն ցուցաբերելու համար:
Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ ՊՊԾ գնդի գործով նիստի ժամանակ բոլոր ամբաստանյալները հրաժարվեցին իրենց պաշտպաններից և հետևաբար Պապիկյանն այլևս Խանդոյանի պաշտպանը չէ, Պապիկյանն ասաց.«Քանի որ աշխատանքային օր չէ, պատճառը չեմ կարողացել ճշտել:Հավանաբար ՊՊԾ գնդի գործով դատավոր Մակյանը այդ կապակցությամբ գրություն է ուղարկել քրեակատարողական վարչություն, սակայն այդ դեպքում էլ Արմեն Լամբարյանին նույն իրավիճակում տեսակցել եմ: Լամբարյանը ևս հրաժարվել է ինձնից, գործը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն ես նրան տեսակցել եմ»:
Մանրամասները՝ Tert.am-ում: