ՊՆ աշխատակիցներն ահազանգում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ՊՆ աշխատակիցներն ահազանգում են, որ հայտնվել են խնդրի առջև, ու Նիկոլ Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին։ Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%-ը կացնով կկտրեմ»։ Եվ ահա այս «կացնի հարվածների» տակ են հայտնվել շարքային աշխատակիցները։ Մասնավորապես, ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել ու հայտնել, որ ՊՆ ղեկավար կազմը երեկ հայտարարել է ՊՆ ավտոբուսները, որոնք Նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլևս չեն լինելու։
Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է։ Աշխատակիցները ահազանգում են, որ նախարարության շենք որևէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև. նրանք ՊՆ շենքում վրդովված ասել են, որ քաղաքական վերնախավի վոյաժները թողել ընկել են պաշտպանության բանակի աշխատակիցների հետևից»:
Մանրամասները՝ թերթի համարում: