Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը պաշտպաններից Լուսինե Սահակյանի բացակայության պատճառով։
Նախքան նիստը հետաձգելու որոշում կայացնելը, դատարանն արձագանքեց, որ դատական նիստը կարող է շարունակվել՝ մինչև մեղադրող կողմը կշարունակի հրապարակել մեղադրանքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ Լուսինե Սահակյանի բացակայությամբ դատական նիստը ենթակա է հետաձգման. «Լուսինե Սահակյանն է այս գործով միակ պաշտպանը, որի պաշտպանյալի կարգավիճակը բոլորի համար ակնհայտ է, պարոն Գևորգյանի նկատմամբ կա մեղադրանք, որը Քրեական օրենսգրքի հոդված ունի»։
Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի պաշտպանները ևս հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվի՝ Սահակյանի բացակայության հիմքով։
Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով և ընդառաջելով Լուսինե Սահակյանի խնդրանքին, որ իր բացակայությամբ դատական նիստը չշարունակվի։
«Իսկ տիկին Սահակյանի՝ այսօրվա դատական նիստին չներկայանալը հարգելի կամ անհարգելի համարելու հարցը հաջորդ դատական նիստին իր ներկայությամբ կքննարկվի»,- հայտարարեց դատավորը։
Աղբյուր` Panorama.am