ՌԴ-ն Ասադին չի արտահանձնի որևէ այլ երկիր. ՌԴ ԱԳՆ
ՌԴ-ն Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին, որին ապաստան է տրամադրել, չի արտահանձնի որևէ այլ երկիր, եթե Միջազգային քրեական դատարանը նրա կալանավորման օրդեր արձակի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նախագահ Ասադը Ռուսաստանում է: Նման իրավիճակում սխալ կլինի իմ կողմից ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է իրավիճակը հանգուցալուծվել։ Բայց նա ապահով է: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտառոց իրավիճակներում»,- ասել է Ռյաբկովը NBC News-ին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նաև ասել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի երկրի մասնատմանը։ Նրա խոսքով՝ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։