Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն:
Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:
Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:
Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում»: