Օրակարգը կրկին պտտվում է օգնության շուրջ․ միջազգայնագետ
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պապիկյանի ամերիկյան այցի մասին Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու:
Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում: Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ: Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում: Իսկ օրակարգը հետևյալն է.
«ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում»»: