«Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Արևմտյան Հայաստանը մեր իրական պատմական հայրենիքն է, կա 4-րդ դարից սկսած». Աշոտ Մելքոնյան
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանն իր հերթական հարցազրույցը տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ նա զուգահեռներ տարավ Արևմտյան Հայաստանի և Բաքվի կողմից քարոզչական նպատակներով՝ պատմությունը խեղաթյուրելու և իր նվաճողական քաղաքականությունն արդարացնելու համար շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի միջև:
«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում։
Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը… Ես էսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Պատմության չիմացությո՞ւն, թե՞ հանրությանը միտումնավոր մոլորեցնելու և ադրբեջանական քարոզչություն իրականացնելու նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի այս համեմատությունը։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ այս հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք այս տերմինները դնում են շրջանառության մեջ։
«Սա գիտական խնդիր չէ, քաղաքական է, ուրեմն՝ դրա մեջ կա ենթատեքստ, բայց գիտական առումով սա որևէ քննության ենթակա չէ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանի դիտարկմամբ՝ «Արևմտյան Հայաստանը» հայության պատմական հայրենիքն է, իսկ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը՝ Ադրբեջանի կողմից հորինված ու շրջանառության մեջ դրված կեղծ թեզ է։
«Արևմտյան Հայաստան աշխարհագրական հասկացությունը կա 4-րդ դարից՝ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից սկսած։ 395 թվականին ստեղծվեց Բյուզանդական կայսրությունը, որի տիրապետության տակ գտնվող հատվածը կոչվեց Արևմտյան Հայաստան։
Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին, ապա սա շինծու տերմին է, որը շրջանառության մեջ է մտել վերջին տասնամյակներին՝ Ադրբեջանի պետական ու քաղաքական շրջանակների կողմից։ Այս երկուսը բացարձակապես համեմատելի չեն, քանի որ Արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքի արևմտյան հատվածն է, որտեղ ստեղծվել է մեր պատմամշակութային ժառանգության մեծագույն մասը, սակայն Եղեռնի արդյունքում մենք այն կորցրել ենք»,- հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Պատմաբանը նաև ընդգծեց՝ «Արևմտյան Ադրբեջանը» շինծու տերմին է, ինչպես որ շինծու տերմին է թուրքերի կողմից հորինված «Արևելյան Անատոլիան», այսինքն՝ թուրքերը նկատի ունեն Արևմտյան Հայաստանը։ Մինչև Հայոց Մեծ եղեռնն Օսմանյան կայսրությունում գործածվում էր «Էրմինիստան» տերմինը։
«Մենք այդ քարտեզները տպագրել ենք ակադեմիական հայոց պատմության հատորներում։
Երբ Արևմտյան Հայաստանում Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, և հայությանը ցեղասպանելով՝ զրկեցին իրենց պատմական հայրենիքից, նրանք այդ տարածքին պետք է անուն դնեին՝ «Արևելյան Անատոլիա»...։ Սա, իհարկե, ծաղր է ու խեղկատակություն, ուստի Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն, քանի որ Արևմտյան Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է իրական պատմական հայրենիքին, որը դարեր շարունակ եղել է մեր հայրենիքի անբաժան մասը ու կորսվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունն իրականացնելու հետևանքով»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը: