Ադրբեջանի ԱԽ քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»: Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը: Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել: Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար»: