«Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը: Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա՛մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա՛մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ: Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ»։