ԱԺ հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագծի զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: