Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով
Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։
Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում, X-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումիում երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման արդյունքներով։