Ադրբեջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի են ներկա գտնվել Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։ «Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել:
Թունավորման պատճառները պարզելու համար դատախազության և Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության աշխատակիցները վերցրել են սննդամթերքի նմուշներ, նշանակել համապատասխան փորձաքննություններ, և կատարվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ»,-ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ 51 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, չորսը շարունակում են մնալ Գաբալայի շրջանային հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։