Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների և լուրջ զիջումների ակնկալիք կա: Սա է՞ խաղաղության հասնելու միջազգային պատկերացումները: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաև հրապարակային է հնչեցվում:
Ու դեռ մեր ժողովրդին էլ, փաշինյանական իշխանությունը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղության են տանում, այն դեպքում, որ հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների», - գրել է նա: