Մետրոյում ժետոններ այլևս չեն լինի
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին մետրոյի մամուլի ծառայությունից։
«Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,– նշել է մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:
Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1-ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։