Մեծ ծեծկռտուք՝ Սյունիքում. ատրճանակի խզակոթով հարվածել է մյուսի գլխին, մի քանի անգամ կրակել. կան վիրավորներ
Հուլիսի 7-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Սարգիս Ա․-ն, 29-ամյա Սամվել Ա․-ն, 28-ամյա Արմեն Ա․-ն և Գագիկ Ա․-ն վիճաբանել են 37-ամյա Հովհաննես Հ․-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Հրաչյա Մ․-ի և Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Ի․-ի հետ, որի ընթացքում, Արմեն Ա․-ն հարվածել է Արմեն Ի․-ին, որից հետո առաջացել է փոխադարձ ծեծկռտուք և Սարգիս Ա․-ն իր մոտ եղած գազային ատրճանակի խզակոթով հարվածել է Արմեն Ի․-ի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև 2-3 անգամ օդ կրակելով դիմել են փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը:
հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմեն Ի․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» և Հարչյա Մ․-ն «Բաց գանգուղեղային վնասվածք, գլխի աջ գագաթային և քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են անհայտ անձանց հետ վիճաբանելու ընթացքում։
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։