Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի․ Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակել է ադրբեջանցի մի պատմաբանի լուսանկար ու գրել.
«Տարիներ շարունակ անհայտ ծագման նման հակագիտական «գիտնականներն» իրենց կեղծարարություններով ու հանցագործություններով պատմություն են ստեղծում՝ մեզ և այլազգիներին մատուցելով եղծված ու ջնջված Հայոց պատմություն: Եվ այս ամենն իրագործում են պետական հսկողությամբ և հովանավորությամբ: Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները: Ինչո՞ւ չենք տեսնում, լսում և կարդում այս ամեն կեղծիքների ու հանցագործությունների հիմնահատակ քանդումն ու իսպառ վերացումը…
Տարիներ շարունակ ի՞նչ է արվել մեր երկրում և այլուր սփռելու, հեղեղելու Հայոց պատմության ճշմարտությունը, Հայոց իրավունքի հիմունքները: Այս գրառումը ցավ է և պահանջ՝ ուղղված գիտական հաստատություններին, գիտնականներին և խնդրո գիտական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
Փոխանակ մարդահաճությամբ զբաղվելու, փոխանակ մանր ու ճղճիմ հարցերով տարվելու, փոխանակ սին քննարկումներում ինքնամսխվելու և անտեղի ինքնագովազդվելու՝ գնացեք, նստեցեք և մաքառեցեք, գիտական ճակատամարտ մղեցեք և Հայոց պատմությունն ու իրավունքը պաշտպանեցեք ու պահպանեցեք: Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի: Մեղկ է գիտնական կոչվելը և գիտությամբ ամուլ լինելը…»։