Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը՝ Եվրո 2024-ում թուրք ֆուտբոլիստի կողմից «Գորշ գայլեր» ահաբեկչական ու նացիոնալիստական կազմակերպության ժեստ ցուցադրելու պատճառով
Գերմանիայի ԱԳՆ է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպան Ահմեթ Բաշար Շենին՝ պանթուրքիստական ֆաշիստների (ծայրահեղ աջ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորում) ժեստի պատճառով, որն արել է թուրք ֆուտբոլիստ Դեմիրալը Եվրո-2024-ում, Ավստրիայի հավաքականի դեմ Թուրքիայի հավաքականի հանդիպման ժամանակ խփած գոլը տոնելիս: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարին:
«Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է Բեռլին, քանի որ թուրք ֆուտբոլիստ Մերիխ Դեմիրալը Եվրոպայի առաջնությունում գոլի տոնակատարության ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլերի» ժեստը», — գրում է գործակալությունը:
--
Մեր կողմից նկատենք, որ ՈՒԵՖԱ-ն, հնարավոր է, պատժամիջոց կկիրառի «Գորշ գայլերի» ժեստ ցույց տված թուրք ֆուտբոլիստի նկատմամբ: Նա, իր հերթին, ոչ միայն ոչ մի ափսոսանք չի հայտնել, այլև հակառակը:
Ըստ երևույթին եվրոպական հանրույթին խնդիրը լավ բացատրելու համար պետք է նշել, որ դա նույնն է, եթե ամեն գոլից հետո Գերմանիայի հավաքականի խաղացողները կամ երկրպագուները «Երրորդ ռայխում» ընդունվված «ողջույնի» ժեստը անեն:
Նշենք, որ կոնկրետ Գերմանիայում առհասարակ խիստ են վերաբերվում նման դրսևորումներին: