Հրաժարականը տաբու չէ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները։ Մակրոնը պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետը»,- ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքը։ Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ միջոցների սցենարը» Մակրոնը քննարկել է վերջին մի քանի շաբաթում։
Միևնույն ժամանակ, ռադիոկայանն ընդգծում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ։ «Մեկ այլ ռազմավարություն, որ կարող է ընտրել նախագահը, խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իշխանության և աջակողմյան «Ազգային միավորման» համակեցությունն է, որպեսզի չխանգարի այդ կուսակցության քաղաքականության ձախողմանը՝ մինչև 2027թ․ նախատեսված նախագահական ընտրությունները»,- նշում է ռադիոկայանը։