Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ
Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ և դատապարտյալների տեղափոխման կոմիտեի ղեկավար Ասքար Ջալալյանը հայտնել է, որ մի շարք դատապարտված օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Աֆղանստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Ադրբեջանից, Իրաքից և Հայաստանից դատաիրավական համաձայնագրերի շրջանակներում վերադարձվել են իրենց երկրներ։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։
Նա հստակեցրել է, որ անցած իրանական տարվա ընթացքում երկիր է տեղափոխվել իրանցի 143 բանտարկյալ, իսկ իրենց երկրներ են վերադարձվել օտարերկրացի 291 բանտարկյալ։ Ջալալյանը նաև հայտնել է, որ այդ դատաիրավական համաձայնագրերից մի քանիսը դարձել են օրենք, իսկ որոշները՝ օրենքի վերածվելու ճանապարհին են։
«Մենք հույս ունենք, որ այս ոլորտում օրենսդրական գործընթացը կարագացվի»,- նշել է նա։