Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա
Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 38 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական և հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը կտրուկ վատացել է, որից հետո նրան ստիպողաբար փորձել են ուղարկել Ֆրանսիա: «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Նիկոլյանը:
«Ինչպես գիտեք, ինձ մեկուսացրել էին օդանավակայանում, և այդ վանդակում վատացել եմ: Բժիշկներ են եկել և չգիտեմ՝ ինձ ինչ են ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է:
Բայց բախտս բերել է, ինքնաթիռի հրամանատարն ասել է, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորչեմ»,- ասել է նա: