«Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց»․ Վազգեն Մանուկյան
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։
Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։ Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետություների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում և թե՛ արտաքին աշխարհի հետ։ Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը:
Այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց»։