Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից: Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձեւավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ եւ բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն: Բագրատ Սրբազանը չի համաձայնել եւ որեւէ թուղթ չի ստորագրել: Հանդիպումից հետո Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա: Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում