Տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կարող է չկայանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ներկայացուցիչների և տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողների խոստացված հանդիպումը կարող է չկայանալ: «Հանուն գիտության զարգացման» խմբի ներկայացուցիչների հետ ԱԺ-ում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկշաբաթյա ժամկետում ուսանողներն իրենց առաջարկները կհղկեն, որպեսզի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրենքին առնչվող ենթաօրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններ պարտադրեն:
Նոյեմբերի 22-ին հրավիրված քննարկումից հետո ուսանողները բուհերում են քննարկումներ կազմակերպում, ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում պատկան օղակների ներկայացուցիչների հետ: Օրերս ուսանողներին առաջարկվել է մինչև մարտ ամիս համատեղ աշխատել, մշակել փաստաթուղթ, որը վերաբերում է բացառիկ ունակություններով ուսանողների տարկետմանը: Ուսանողները պնդել են, որ աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև դեկտեմբերի վերջը, սակայն պաշտոնյաները հակված են հետաձգել: Այսօր կամ վաղը ուսանողներին պատասխան կտրվի, որից հետո նրանք կորոշեն իրենց անելիքները: Այս պահին դեռ գործողությունների պլան մշակված չէ, որոշումները կայացնում են ըստ իրավիճակի»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

