Ներքին Ոսկեպարի փոխարեն արտաբերելով «Աշաղը Աքսիպարա», ջուր ենք լցնում թշնամական քարոզչության ջրաղացին. Վարդան Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախումբը փաստացիորեն չի ճանաչում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը, այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նա հիշեցրել է վերջին օրինակը, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե, իբր, հայկական բանակը կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։
«Դրանում Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը պաշտոնապես «անվանվել է» ինչ-որ «Դավալուի շրջանի Արազդայան» բնակավայր, իսկ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղը՝ ինչ-որ «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալու բնակավայր»։ Ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ մեկը, դիցուք, Ներքին Ոսկեպարի փոխարեն արտաբերում է բարբարոսական «Աշաղը Աքսիպարա», պետք է հիշի, որ դրանով իսկ ջուր է լցնում մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» վարող թշնամական քարոզչության ջրաղացին»,- նշել է Ոսկանյանը՝ հաղորդագրությունը ներկայացնելով երեք լեզվով։