Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը
Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին։
Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա Տաջիկստանի քաղաքացի, ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։
32-ամյա Դալերջոն Միրզոևը նույնպես ծնունդով Տաջիկստանից է, ունի չորս անչափահաս երեխա: Նա Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն այն ավարտվել է։
Սաիդակրամի Ռաչաբալիզոդան 30 տարեկան է, Տաջիկստանի քաղաքացի: Ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նա հայտարարել է, որ ՌԴ գրանցում ունի, բայց չի հիշում որտեղ:
19-ամյա Մուհամադսաբիր Ֆայզովին, որը ևս Տաջիկստանի քաղաքացի է, դատարանի դահլիճ է տեղափոխվել անվասայլակով՝ շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, քանի որ ձերբակալության ժամանակ վիրավորվել է։ Նա ժամանակավորապես գործազուրկ է, իսկ մինչ ահաբեկչությունը վարսավիր էր աշխատում Իվանովոյում։
Աղբյուրը՝ tert.am