Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այս մասին նշված է Կոնսերվատորիայի ռեկտորատի տարածած հայտարարության մեջ։
«Երևանի Կոմիտասի անվ. պետական Կոնսերվատորիայի հարգելի դասախոսներ, Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»- ասվում է հայտարարության մեջ։