Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օդանավերում քաղաքացիական հագուստով զինված իրավապահների գտնվելու մասին օրենքը
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրքական որոշ օդանավերում զինված իրավապահների գտնվելու մասին օրենքին, այս մասին տեղեկացնում է «Tert.am»-ը՝ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին հղումով:
Օդանավերում գտնվող քաղաքացիական հագուստով իրավապահներն, ըստ այդ օրենքի, պետք է պաշտպանեն ուղևորներին ահաբեկչական վտանգից:
Օրենքը կտարածվի այն ավիաչվերթների վրա, որոնց վերաբերյալ հատուկ ծառայություններն ահաբեկչական վտանգի առկայության մասին տեղեկություններ ձեռք բերած կլինեն: Անվտանգության աշխատակիցներն իրենց տեղը կզբաղեցնեն օդանավի հետևի նստատեղերում, կկրեն քաղաքացիական հագուստ, իսկ զենքի առկայությունը կքողարկվի՝ ուղևորների շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով:
Թուրքիան պատրաստվում է առավել ուշադիր հետևել հատկապես Իրանից, Իսրայելից և ԱՄՆ-ից Թուրքիա ժամանող օդանավերին:
Zham.am