ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հետևանք է ունենալու. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
«5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մասնավորապես նշել է. «Ինքս ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եմ եւ տեղյակ չեմ. եղե՞լ է սառեցման գործընթաց, հենց այդպես որեւէ մեկը չի կարող նման բան հայտարարել, դա գործընթաց է, պետությունը նախ պետք է դիմի կազմակերպությանը»:
Հարցազրույցի հիմնական թեզերը.
Եթե ՀԱՊԿ-ին եվրոպական այլընտրանքը տարբեր մայրաքաղաքներից հնչող խոստումները, եվրոպական դիտորդներն ու փոքր քանակի մատակարարումներն են Ֆրանսիայից, ապա դա անվտանգության համակարգի այլընտրանք չէ:
Ֆրանսիական մատակարարումները ԶՈՒ բալանսում էական փոփոխություն չեն մտցրել: Մյունխենից հետո փորձում էին գործընթացը դրական լույսի ներքո ներկայացնել, բայց Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը կանգ է առել մի քանի կարեւոր կետերում: Փաշինյանը խոսում է պատերազմի հավանականության մասին, բայց պետական համակարգը չի պատրաստվում դրան:
Փաշինյանի իշխանությունը հարվածի տակ է դնում սեփական զինվորին, դա ողբերգություն է:
5-6 օրվա ընթացքում ՀՀ պաշտոնյաները իրար հակասող մի քանի հայտարարություն են անում:
Փաշինյանը համարում է, որ մարդկանց բանտերում պահելու քարտ բլանշ ունի: