Արարատ Միրզոյանը կրկին մեկնում է Բրյուսել
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։
Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը ԵՄ խորհրդի կողմից ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։