Մարտին նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում
Մարտի 23-27-ը Ժնևում նախատեսվում է հայ-ադրբեջանական հանդիպում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միջխորհրդարանական միության (IPU) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: «Ես կհրավիրեմ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային Ժնև՝ բանակցություններ վարելու Հայաստանի գործընկերների հետ՝ մշտական երկխոսության այս հարթակի ստեղծման օրակարգում առաջ շարժվելու համար։ Հուսով ենք, որ կկարողանանք կազմակերպել նման հանդիպում Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա մոտավորապես այս տարվա մարտի 23-ից 27-ը։
Մենք ցանկանում ենք խորհրդարանականներին հրավիրել հանդիպման՝ սկզբում ոչ պաշտոնական ձևաչափով՝ իսկապես խոսելու հրատապ հարցերի մասին, որոնք կռվախնձոր են երկու երկրների միջև:
Այս կերպ մենք կարող ենք հասնել ավելի լավ փոխըմբռնման երկու երկրների խորհրդարանների միջև, այնուհետև մենք կարող ենք փորձել ստեղծել նպաստավոր միջավայր երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների հաջող արդյունքի համար»,- ասել է նա։ Չունգոնգը նշել է, որ այս նախաձեռնությանը երկու կողմերից էլ դրական արձագանք կա: Ավելի վաղ՝ Չունգոնգի հետ հանդիպանը, Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության կարելի է հասնել Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությամբ: Մինչև Ալիևի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում հայտարարել էր, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։