Հայաստանի Արթիկ համայնքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։ Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է որպես «Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք»։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։ Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։ Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը Հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։ Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։
Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»։