Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրառմամբ անդրադարձել է այսօր ԱԺ-ում ծավալված քննարկմանը՝ արվեստի և մշակույթի գործիչների կոչումների վերաբերյալ: Վահե Հովհաննիսյանը նշել է. «Նայենք սովորական քաղաքացու աչքերով. Ալիևն ասում է «Ջերմուկը մերն է, միջանցքը վերցնելու եմ», իսկ ՀՀ Ազգային Ժողովում իշխանությունը և ընդդիմության մի հատվածը համատեղ-հանգիստ քննարկում են «Ժողովրդական արտիստի» մասին հարցը։
Ի դեպ, նույն վիճակն էր մեկ տարի առաջ՝ Արցախ հանձնելու շեմին։ Հետևությունը հստակ է. ոչ ոք իր տաք տեղից հասարակությանը մեղադրելու իրավունք չունի։ Այսօրվա պատկերը մարդկանց հրամցնելուց հետո ո՞վ ինչ բարոյական իրավունք ունի հասարակությանը մեղադրելու։ Ինչ վերաբերում է ժողովրդական կոչումներին, ապա առանձնապես նեղություն մի քաշեք. մի փուլ էլ այսպես շարունակվելու դեպքում լինելու է միասնական «Xalq artisti» (ադրբեջաներեն՝ «ժողովրդական արտիստ» - խմբ.) կոչումը, ու էլի վստահաբար վերցնողներ-նշողներ լինելու են։
Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը»։