Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ. ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում: «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։