ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Վերջին օրերին օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ադրբեջանական, լուրեր են տարածվում, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Այս լուրը տեղ է գտել նաև որոշ հայկական լրատվամիջոցներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
Պատասխան․ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»։