Ընդդիմադիր ուժերը հավաք են արել
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել․
«Ս.թ. հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով: Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում. 1. Արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ
2. ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման և անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում
3. Ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներն ընդդիմությունից
4. Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր և գործառնական առաջարկություններ
5. Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ և եղանակներ
6. Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափի սահմանում։ Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»։