«Չգիտեմ, թե ում էին տանում, բայց շոֆերը Պուտինն էր...»
Իր ծննդյան օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո Օգարյովի իր նստավայրում հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ի լրումն պաշտոնական քննարկումների, ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինը իր հյուրերին առաջարկել է զբոսնել «Աուրուս» մեքենայով: Այդ պահը պատկերող տեսանյութը կարելի է տեսնել, օրինակ, «Գազետա.ռու»-ի կայքում: Նկատենք, որ Ռուսաստանի նախագահը հաճախ է նման ավտոզբոսանքներ առաջարկում իր հետ հանդիպող տարբեր երկրների ղեկավարների:
Դա ակամայից հիշեցնում է այն սրախոսությունը, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մի թանկանոց մեքենա, ապա տեսնում է, թե ով է ղեկին, պատվի է առնում, իսկ մեքենան հեռանում է: Ոստիկանը մնում է տեղում կանգնած: Գործընկերը մոտենում է ու հետաքրքրվում, թե ինչո՞ւ է այդպես տեղում մնացել, այդ ո՞վ էր, որ մեքենայի մեջ, ո՞ւմ էին տանում: Ճանապարհային ոստիկանը պատասխանում է. «Չգիտեմ, թե ում էին տանում, բայց շոֆերը Պուտինն էր»:
Zham.am